Նա ամեն օր, առավոտ վաղ, ճիշտ նույն ժամին դուրս էր գալիս հարևան շենքից, անցնում իմ պատուհանի առջևով ու կանգ էր առնում հանդիպակաց խաչմերուկում, որ նստի Պաշտպանության նախարարության փոխադրամիջոցներից մեկնումեկը: Հաղթանդամ էր, լայնաթիկունք, դեմքին տարիքին անհարիր լրջություն: Ներքին ինքնավստահություն ուներ, հատկապես երբ համազգեստով էր: Հեռվից հեռու հպարտանում, հայ սպայի տիպար էի համարում: Երբեք բաց չէի թողնում նրան տեսնելու այդ հաճելի առիթը: Նա իմ մանկության իրական հերոսն էր, ու չնայած նրան անձամբ չէի ճանաչում, բայց համոզված էի, որ նա ինձ միշտ պաշտպանում է…
Վերջապես գնում եմ ծանոթանալու… ուշացումով, աններելի ուշացումով: Պարզվում է ծնողներն այլևս այնտեղ չեն ապրում, որտեղ կարծում էի: Չեն կարողանում: Գտնում եմ նրանց նոր հասցեն, գնում եմ… դիմացս մի փայտե տնակ է նշմարվում: Բարձրանում եմ ճռճռացող աստիճաններով: Մտնում եմ երկու սենյակներից մեկը: Ասես երկրաշարժից հետո ժամանակավոր տրված կացարանում լինեմ: Հայրն է, մայրը, եղբայրը: Նստած են անկյունում, ասես ձգտում են աննկատ մնալ: Չգիտեմ ծանոթացա՞, ներկայացա՞, եթե անգամ ներկայացա, ձեռքները սեղմելիս ի՞նչ ասեցի: Ուզում էի որքան հնարավոր է շուտ աթոռ գտնել, տեղավորվել ու նրանց պես աննկատ մնալ:
-Դրսի աշխարհում ի՞նչ կա-չկա…
Հայրն է: Իբր ուզում է առօրյա կողմնակի խոսակցություն սկսել: Չի ստացվում: Ես, սակայն, հետզհետե ուժ գտնում, գլուխս բարձրացնում, նայում եմ շուրջս: Հեռուստացույցը քողով ծածկված է: Չեն դիտում: Ու ամենուր` ճաշասեղանին, լրագրասեղանին լուսանկարներ են: Կյանքն ասես կանգ է առել հարազատների համար: Այն գիշերվանից, այդ նույն պահից: Լուսանկարներ, լուսանկարներ, լուսանկարներ… Գուրգենը ընտանիքի առաջին զավակն է եղել, առաջին ուրախությունը: Ծնողներն ամեն քայլը ձգտել են պահպանել, իմաստավորել: Նախազգում ունեցե՞լ են: Ահա սովորում է թիվ 122 անվան միջնակարգ դպրոցում, լարված մաթեմատիկական խնդիր է լուծում (<<Շատ էր սիրում>>,- կհուշի հայրը): Պարապում է ճապոնական, թե՞ չինական` մեզ համար արտառոց մարզաձևերով (<<Կարգային էր>>,- կավելացնի եղբայրը): Ուսանում է ճարտարագիտական համալսարանում, ստանում է բակալավրի որակաորում: Հարազատները, բարեկամները աչքալուսանքի են հավաքվել: Համոզում են, որ ուսումը մագիստրատուրայում շարունակի: Համառում է` չէ, որ չէ:
-Բանակ գնամ-գամ, կերևա:
Այս լուսանկարները, թվում է, ծանոթ են ինձ` համազգեստով շատ եմ տեսել: Ուսումնական զորամասում ավագի կոչում է ստանում, դառնում դասակի հրամանատար: Հենց այդ տարինրին էլ նրան նկատում, նրանով հիանում են ոչ միայն անմիջական հրամանատարները, այլ նաև հայկական բանակի բարձրաստիճան սպաներն ու ծառայության են հրավիրում Պաշտպանության նախարարություն: Ազատագրական պատերազմը հաղթանակով ավարտած զորավարները չէին կարող սխալվել` Գուրգենը հաստատ դառնալու էր հայկական բանակի լավագույն սպաներից մեկը: Այդ հավատով, հեռանկարով են նրան գործուղում Բուդապեշտի եռամսյա անգլերենի դասընթացների, որ հետո ուսումը շարունակի ՆԱՏՕ-ի բարձրագույն ռազմական ուսումնարանում:
Մայրը լուռ է, չի խոսում, թվում է` մեզ չի էլ լսում:
Ոճրագործ ադրբեջանցի <<հերոսն>> էլ է ռազմական կրթություն ստացել: Թուրքիայում: Երկու տարի շարունակ նրան զինավարժություն, զորավարժությու՞ն են սովորեցրել: Ոչ միայն: Ադրբեջանից հատուկ հրավիրել են, որ հայ սպանել սովորեցնեն, ցույց տան, թե ինչպես են իրենք 1915 թվականին կացնով, յաթաղանով խոշտանգել, տանջամահ արել:
Մայրը լուռ է:
Գուրգեն Մարգարյանի հետ Բուդապեշտում ուսանած մյուս հայ սպան` Հայկը հիմա է անդրադառնում, որ դասընթացների հենց սկզբից ոճրագործը հետևել է իրենց: Մի անգամ նկատում է, թե ինչպես է Գուրգենը մարզադահլիճում ծանրամարտ պարապում, մոտենում, ուշադիր նայում է պիրկ մկաններին, գլուխը քորելով հեռանում: Համոզվում է, որ դեմառդեմ, արդարացի գոտեմարտում չի կարողանալու գետնել նրան: Ու հիշում է Ստամբուլում սերտած դասերը: Եվ այդ չարաբաստիկ գիշերը ոճրագործը դավադիր կլարվի, կհետևի միջանցքում հետզհետե մարող ձայներին: Կհամոզվի, որ հարևան սենյակի դռան բանալին, որտեղ ապրում էր Գուրգենը, չչխկաց: Տղամարդու դուռ կողպելը ո՞րն է: Ես ոչ միայն սարսուռով կամ ատելությամբ, նողկանքով եմ պատկերացնում այդ պահը: Միայն ստոր ստահակը գիշերով գաղտագողի ուրիշի դուռը կբացի, ներս կսողոսկի, կացինը քնած մարդու գլխավերևում կշողացնի ու զարթնելու ահից, արագ-արագ այնքան կիջեցնի, որ պարանոցը մարմնից անջատի: Ա~խ, եթե Գուրգենը անսպասելի աչքերը բացեր ու տեղից վեր ցատկեր:
Մայրը լուռ է:
Իսկ ադրբեջանական քարոզչությունը, ըստ երևույթին, նման քստմնելի նախճիրի տպավորությունը մեղմելու, եթե ոչ արդարացնելու, ապա ինչ-որ կերպ բացատրելու համար, վիպասանքներ է հորինում ոճրագործի Արցախյան պատերազմում կորցրած հարազատների, վրեժխնդրության հանկարծակի պոռթկումի մասին:
Հայրը անսպասելի ոտքի է կանգնում, մի կողմ է հրում լուսանկարները, ընդվզում.
-Բուդապեշտում իմ տղային չեն սպանել, չեն էլ ճանաչել: Թուրքն իր կացինն իջեցրել է իմ գլխին, քո գլխին, աշխարհի հինգ միլիոն հայերից ամեն մեկի գլխին: Հիմա էլ նոր ծնված տղաների անունը Ռամիլ են դնում, որ հետագայում էլ նրան հետևողներ, նրա նման ոճրագործներ ունենան:
Մայրը լուռ է:
Ես հասկանում եմ, որ անփարատելի է այս հարկի տակ ծվարած վիշտը, անդառնալի է կորուստը, դրա համար էլ չեմ արձագանքում: բայց կացինն ի՞նչ է մեր հոգու հանդեպ: Ինչու՞ ասեմ, իրենք չե՞ն հիշում, թե ինչպես Գուրգեն Մարգարյանի հուղարկավորության պահին, Եռաբլուրում, Արցախյան գոյամարտում որդի կորցրած սգավոր մի մայր վճռական մոտեցավ բարձրախոսին, ուղղակի բղավեց: Երևի ուզում էր, որ Ադրբեջանում լսեին իրեն.
-Դուք կացնով մեզ չեք կարող վախեցնել, մեր բոլոր որդիներին չեք կարող սպանել: Եթե անգամ սպանեք, մենք` որդեկորույս մայրերս զենք կվերցնենք, ձեր դեմ կելնենք, կպաշտպանենք մեր հողը:
Հուղարկավորությունից մի քանի օր անց Երևանի բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողները Պետական համալսարանից քայլարշավով ուխտի գնացին Գուրգենի շիրիմին: Նրանք խռնվել էին դեռևս խոնավ հողաթմբի շուրջն ու լաց չէին լինում` եռագույն դրոշները խոնարհել, բռունցքները վեր էին պարզել: Այդ պահին, այդ բռունցքները Անդրանիկ զորավարի, Սոսե մայրիկի, Վազգեն Սարգսյանի, Գուրգեն Մարգարյանի օրհնությամբ այնպիսի զորություն էին ստացել, որ ոչ մի ուժ չէր կարող դիմադարձել: Առավել ևս` հաղթել:
Մայրը լուռ է:
Ոտքի եմ կանգնում, շատ եմ ուզում կռանալ, ձեռքը համբուրել, բայց վերջին պահին շրջվում, աստիճաններից արագ ցած եմ իջնում: Հրաժեշտ էլ չեմ կարողանում տալ:
Արդեն 7 տարի է անցել, 7 տարի, ինչ Բուդապեշտում ադրբեջանցի ոճրագործ Ռամիլ Սաֆարովի կողմից դաժանաբար սպանվեց մեր հայ սպա Գուրգեն Մարգարյանը: Բայց այս տարիները չմեղմացրին նրա մոր ցավը, չմոռացրեցին մեր ազգի այդ մեծ կորուստը: Գուրգենը զոհ եղավ, անմեղ զոհ: Սակայն նրա հիշատակը վրեժով է լի, ցասմամբ ու հատուցում ստանալու պարտադիր ակնկալիքով:
Written by Anush Petrosyan
Leave a comment